Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը այցելել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն ու հանդիպել ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
- Աշխարհի այսպիսի աջակցությունը պետք է կապիտալիզացվի՝ ինքնիշխանության առումով
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն այցելել է ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ
«Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրեց Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական ԶՈՒ ներթափանցման արդյունքում ստեղծված իրադրությունը, ինչպես նաև Ադրբեջանի պարբերական սադրանքները՝ այդ թվում Նախիջևանի տարածքից։ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգային և կովկասյան տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հայկական կողմի գնահատականների շրջանակներում Արմեն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքներին և դրանցից բխող սպառնալիքներին։ Երկուստեք շեշտվեց իրավիճակի դեէսկալացիայի անհրաժեշտությունը։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արցախյան հիմնահարցի համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձան նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությանը։ Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց հայկական նախագահության հայեցակարգային մոտեցումների մասին՝ շեշտելով, որ առաջնահերթություններից են լինելու կազմակերպության արդյունավետության բարձրացումը և անդամ պետությունների կարիքներին ժամանակին արձագանքելու մեխանիզմների ամրապնդումը։
Ստանիսլավ Զասն իր հերթին ընդգծեց ՀԱՊԿ կատարելագործման կարևորությունը և վստահեցրեց, որ ՀԱՊԿ աշխատանքային մարմինները կներդնեն բոլոր ջանքերը հայկական կողմի հայտարարվելիք առաջնահերթությունները կյանքի կոչելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
