Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրիչը» (Salvator Mundi) նկարը, որը 2017-ին վաճառվել է 450 միլիոն դոլարով, պահվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի զբոսանավում: Այս մասին հայտնել Է Artnet պորտալը:
Ըստ աղբյուրների՝ նկարը կլինի արքայազն Մուհամեդ բեն Սալմանին պատկանող Serene զբոսանավում այնքան ժամանակ, մինչև Սաուդյան Արաբիայի իշխանությունները մշակութային կենտրոն կառուցեն Էլ Մադինայի նահանգի Էլ Ուլայի տարածաշրջանում, որտեղ, ենթադրաբար, կցուցադրվի Լեոնարդոյի նկարը:
Bloomberg գործակալության տվյալներով՝ վերջին ժամանակներս սաուդացի գահաժառանգ արքայազնի զբոսանավը գտնվել է Շարմ Էշ Շեյխ աղողջավայրի շրջանում:
«Աշխարհի Փրկիչը» կտավը 2017-ի նոյեմբերին Նյու Յորքում 450 միլիոն դոլարով վաճառվել է Christie՚s-ի աճուրդում: The New York Times-ը պնդում էր, որ կտավի նոր տերը դարձել է սաուդացի արքայազն Բադր բեն Աբդալա բեն Մուհամեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը, սակայն զանգվածային լրատվամիջոցներում բազմիցս հայտնվել է տեղեկատվություն, որ կտավի իսկական գնորդը եղել է սաուդացի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: