Մայիսի 22-ին մեկնարկել է ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան: Այցի շրջանակում բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոյի, Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Բեյբիթ Մամրաևի և խմբի անդամների ու ոլորտային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ղազախական հարաբերությունների հետևողական ամրապնդման կարևորությունը և միջխորհրդարանական դիվանագիտության դերն այդ գործընթացում: Խորհրդարանականները վստահություն են հայտնել, որ բարեկամական խմբի գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստան-Ղազախստան հարաբերությունների սերտացմանը և խորացմանը:
Բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն անդրադարձել է երկկողմ համագործակցության առաջնահերթություններին, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում կապերին, այդ թվում՝ ԵԱՏՄ համատեքստում:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայման հնարավորությունները:
Բարեկամական խմբի անդամ Անուշ Բեղլոյանն անդրադարձել է Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությանը:
Մաժիլիսի նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոն վերահաստատել է երկկողմ համագործակցությունը շարունակելու ղազախական կողմի պատրաստակամությունը՝ այդ համատեքստում ընդգծելով հստակ արդյունքների հասնելու անհրաժեշտությունը:
Այցի շրջանակում հանդիպում է կայացել նաև ՂՀ Վերին պալատի՝ Սենատի Ղազախստան-Հայաստան համագործակցության խմբի անդամների հետ: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
