Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 16-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
«Այս ընթացքում մենք հասցրեցինք բավականին արդյունավետ աշխատել և հուսով եմ, որ հետագայում գործընկերային այս հարաբերությունները կշարունակվեն»,- ասել է Արարատ Միրզոյանը դեսպանին:
ՀՀ ԱԺ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների աջակցության ծրագրին մասնակցության համար, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» այժմ իրականացվող ծրագրին մասնակցելու համար:
«Եվ իսկապես ցավում եմ, որ Ձեզ համար կարևոր այս ծրագիրն արդեն առանց Ձեր մասնակցության կիրականացվի»,- ասել է Արարատ Միրզոյանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ արդյունավետ համագործակցության համար:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից: