fbpx
Խորհրդարան

ԱԺ նախագահը հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 8-ի առավոտյան Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Ալի Լարիջանին, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշել է, որ կապերը մեր երկու պետությունների միջև եղբայրական են, ինչի նշանն էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:

Արարատ Միրզոյանին շնորհավորելով Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Իրանի Մեջլիսի նախագահն անդրադարձել է խորհրդարանական համագործակցության և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հարցերին:

ՀՀ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են բազմադարյա պատմամշակութային կապերի վրա և վստահություն հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը զարգացում կապրի նաև խորհրդարանական մակարդակում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել բարձր տեխնոլոգիաների, էներգակիրների, ֆինանսական և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը:

Ալի Լարիջանին Ազգային ժողովի նախագահին հրավիրել է այցելել Իրան, Արարատ Միրզոյանը սիրով ընդունել է հրավերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ