ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 26-ին քննարկել է գալիք տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական հատկացումներն ու ծրագրերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ 2020 թ.-ին նախարարությանը հատկացվելու է 12 միլիարդ 715 միլիոն 623 հազար դրամ, ինչը շուրջ 300 միլիոն դրամով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից:
Ըստ բնագավառի պատասխանատուների՝ հիդրոօդերևութաբանության ոլորտի համար նախատեսվել է հատկացնել 1 միլիարդ 284 միլիոն 797 հազար դրամ: Այս ծառայությունը ներգրավված է տարբեր ծրագրերում, որոնց շրջանակներում 4 օդերևութաբանական կայաններ ընդգկված են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլոբալ հեռահաղորդակցական համակարգում: Միավորված ազգերի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/ շրջանակներում հիդրոմետ ծառայությանը տրամադրվել են գերմանական արտադրության 290 հատ տարբեր ջերմաչափեր, 5 հատ ձյան խտության կշռային ձյունաչափեր, 5 հատ հողի սառեցվածության խորության որոշման սառցաչափեր, 3 հատ անձրևագրիչներ, 2 հատ քամու արագության և ուղղության տվիչներ:
Նշվել է, որ հակակարկտային հրթիռային տեխնոլոգիաները թույլ են տալիս 70-80% արդյունավետությամբ պաշտպանության տակ վերցնել գյուղատնտեսական հողատարածքները, էականորեն կրճատել կարկուտից բերքի վնասի չափերը: Ներկայումս ընթացքի մեջ է հակակարկտային հրթիռային համակարգի ստեղծման պիլոտային ծրագիրը, ինչի իրականացման համար Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 75.95 մլն դրամ: Ակնկալվում է Արմավիրի, Արագածոտնի մարզերի 59 համայնքի և Կոտայքի մարզի 1 համայնքի տարածքների հակակարտային պաշտպանության իրականացում:
Բնական աղետներից Հայաստանին առավելագույն վնաս են հասցրել ուժեղ երկրաշարժերը: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասավ 25 հազար մարդու, նյութական կորուստները գնահատվեցին 12 միլիարդ դոլար: Հազարավոր ընտանիքներ մնացին անօթևան: 1991թ-ին ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, որը կարճ ժամանակամիջոցում հասավ բարձր նվաճումների: Ստեղծվեց բազմապարամետր դիտարկումների ազգային ցանցը, ծառայությունն ինտեգրվեց գրեթե բոլոր միջազգային կառույցներում, արժանացավ ՄԱԿ-ի աղետների դեմ պայքարի Սասակավայի մրցանակին, ճանաչվեց Անատոլիա-Կովկաս-Իրան տարածաշրջանի առաջատարը: Սեյսմիկ ռիսկի նվազեցումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: Այս ծառայության համար 2020-ին նախատեսվել է 880 միլիոն 665 հազար դրամ:
Մեծածավալ ներդրումներ են կատարվել Փրկարար ծառայության համակարգի զարգացման ուղղությամբ. ձեռք են բերվել ստացիոնար, շարժական, դյուրակիր գերկարճալիք ռադիոկայաններ, ստացիոնար սնման սարքեր, օպերատիվ ծառայության և հրշեջ փրկարարական մեքենաներ: Ծառայությունը գործակցում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակի (JICA) և Ճապոնիայի կառավարության, ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության հետ: Համագործակցություն է հաստատված ՆԱՏՕ-Հայաստան անհատական գործընկերության ծրագրի, ԱՊՀ տարերային և տեխնածին աղետների միջպետական խորհրդի շրջանակներում: Փրկարար ծառայությանը նախատեսվում է հատկացնել 8 միլիարդ 950 միլիոն 683 հազար դրամ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնք բնագավառի պատասխանատուներն ընդունել են: