fbpx
Խորհրդարան

Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ողջունելով ԵՄ դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Եվրոպական միության հետ գործընկերության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

Ալեն Սիմոնյանը դեսպանին տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային ժողովում ձեւավորվել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակությունը, իսկ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի ԱԺ պատվիրակությունը ձեւավորման փուլում է:

Խորհրդարանի ղեկավարը երախտագիտություն հայտնեց ԵՄ-ի կողմից տրամադրվող նշանակալի աջակցության համար (2,6 մլրդ եվրո)՝ շեշտելով, որ այն ուղղված է լինելու մի շարք ուղենշային նախաձեռնությունների:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵՄ դեսպանն իր խոսքում մեծապես կարեւորեց 2021 թվականի՝ արդար եւ ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունները: Նա վերահաստատեց ԵՄ շարունակական աջակցությունը հայաստանյան ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին՝ երկուստեք փաստելով, որ հարցի կարգավորումը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այս համատեքստում քննարկվեցին տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման հարցերը: Անդրադարձ եղավ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին:

Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվեց խորհրդարանական ձեւաչափով համագործակցության ակտիվացմանը միտված ծրագրերի իրականացումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ