fbpx
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի պատասխանը Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը

Factor.am – ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն արձագանքել է  այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված Բելառուսի ԱԳՆ-ի քննադատությանը:

Նշենք, որ Մինսկից մեկնաբանել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած խոսքերն այն մասին, որ ինքը բացատրություններ է պահանջելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ վերջիններիս արած հայտարարությունների առնչությամբ:

«Ըստ երեւույթին, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի: Միգուցե, դա ընդունելի էր ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի դեպքում: Բայց միջպետական հարաբերություններում կան արարողակարգի եւ էտիկետի բավական հստակ նորմեր: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոնները մեծ քաղաքականության մեջ ընդունելի չեն: Ափսոս: Հուսանք, ժամանակի ընթացքում դա կանցնի»,- նշված է պաշտոնական Մինսկի հայտարարության մեջ:

«ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել եւ նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային եւ կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը, առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը:

Նաեւ մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակից երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, եւ ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա:

Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե ժողովրդավարակա՞ն մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»,- պատասխանելով ՀԱՊԿ անդամ հանդիսացող Բելառուսի ԱԳՆ-ից հնչած հայտարարությանը՝ գրել է Ալեն Սիմոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ