fbpx
Իրավական

Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը կդառնա քննության նյութ

Factor.am – ը գրում է.

ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանն օրերս իր հարցազրույցներից մեկի ժամանակ, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին, իր բնորոշմամբ, առաջին անգամ արել է հետևյալ հայտարարությունը․

«Մարտի 1-ին ես իմ մտերիմների հետ շրջել եմ Մյասնիկյանի արձանի մոտ, և արդեն երեկոյան մեծ քանակի ալկոհոլով մարդիկ սկսեցին անցնել այդտեղով, մենք մեծ շղթա կազմել տվեցինք, և միայն 200 շիշ բարձրակարգ կոնյակ մենք ենք այնտեղ ոչնչացրել։ Սա է, ինչին ես ականատես եմ եղել, և, ի դեպ, այսքան մանրամասնորեն ես առաջին անգամ եմ խոսում այս մասին»:

Factor.am-ը Հատուկ Քննչական ծառայությունից փորձեց պարզել՝ այն, ինչին ականտես է եղել Դավիթ Շահնազարյանը, դառնալո՞ւ է արդյոք Մարտի 1-ի գործի քննության նյութ և ՀՔԾ-ն կգնա՞ ոչնչացված 200 շիշ բարձրակարգ կոնյակի հետքերով։

«Դավիթ Շահնազարյանի այն արտահայտությունը, որ ինքը Մյասնիկյանի արձանի մոտ տեսել է մեծ քանակով ալկոհոլ օգտագործած մարդիկ, ինչպես նաև ոչնչացված 200 շիշ կոնյակի մասին նրա ասածները, կդառնան քննության նյութ։ Առհասարակ, ինչպես այդ հարցազրույցն, այնպես էլ Մարտի 1-ի վերաբերյալ ցանկացած հրապարակում դառնում է քննության նյութ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Դավիթ Շահնազարյանը նաև հրավիրվի հարցաքննության, Օհանջանյանը պատասխանեց․ «Այդ հարցը չեմ մեկնաբանում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ