Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի

Ամենադիտվածներ

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի

ՀՀ ԱԺ-ն հայտնել է, որ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

«ԱԺ նախագահն ընդգծել է Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերություններն ընդլայնելու անհրաժեշտությունը: Նա շեշտել է Ազգային ժողովի դերը կառուցողական քաղաքական երկխոսության զարգացման գործում:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության մասնակցությունը և ֆինանսական աջակցությունը 2019թ.-ից իրագործվող ՀՀ Ազգային ժողովին օժանդակության «Ժամանակակից խորհրդարան` ժամանակակից Հայաստանի համար» ծրագրին: Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում նաև աշխատակազմի փորձագիտական, վերլուծական կարողությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը հավաստիացրել է, որ անկախ ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հանգամանքից` շարունակվելու է CEPA-ով նախանշված ոլորտներում համագործակցությունը Հայաստանի հետ` որպես ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրած և վավերացրած պետություն:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում խոսելով վերջին օրերին սահմանային իրավիճակի սրացումից` երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև հայ-բրիտանական միջպետական համագործակցության զարգացման և ընդլայնման գործում օրենսդիր մարմինների միջև հարաբերությունների ակտիվացման հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ