Ապրիլի 22-ին Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Ներկա են գտնվել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրների դիվանագիտական կորպուսները ներկայացնող դեսպաններ Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Կոպիրկինը, ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ռուսական համայնքի ներկայացուցիչներ:
Այս տարի լրանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այդ հոբելյանի շրջանակում է անցկացվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը, որն այս անգամ տեղի է ունենում Ստեփանավանում:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ արձանի բացումը վկայում է Հայաստանի և Ռուսաստանի մշակութային կապերի, հարուստ ավանդույթների և բարեկամական սերտ հարաբերությունների մասին: Նա համոզմունք է հայտնել, որ Պուշկինի ստեղծագործությունը համաշխարհային ժառանգություն է, նրա պատվին հուշարձաններ տեղադրված են աշխարհի շատ քաղաքներում: Հայաստանում հուշարձաններ են կանգնեցված Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում: 1937 թ. գործում է Պուշկինի անվան դպրոցը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը կրում է մեծ բանաստեղծի անունը:
Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ Հակոբ Արշակյանը և Վիկտոր Բոնդարևը ծառ են տնկել հուշարձանին հարող տարածքում: