Ալեքսիս Օհանյանը ՀՀ վարչապետի մարտահրավերը փոխանցել է ևս 3 հոգու

Ինչպես հայտնել էինք, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ընդունել է ՀՀ վարչապետի մարտահրավերն ու իր բանկային քարտից ամեն ամիս 23 դոլար կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:

Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

Օհանյանն իր հերթին challange-ը փոխանցել է ևս 3 հայի՝ ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանին, Index Ventures-ի տնօրեն Նինա Աչաջյանին և իր հորը՝ Քրիս Օհանյանին:

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

«Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում նվիրի հիմնադրամին 200 դոլար կամ ամիսը 20 դոլար կամ 20-ից մի քիչ շատ, տարվա կտրվածքով կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որևէ չարաշահում։ Ես այսօր մտել եմ հիմնադրամի էջ և կարգավորումն այնպես եմ դրել, որ ամեն ամիս 10 հազար դրամ նվիրաբերվի հիմնադրամին։ Ես մարտահրավեր եմ նետում 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանինև Ալեքսիս Օհանյանին։ Շատ կարևոր է, որ այս պրոցեսը անեք հրապարակային և մարտահրավեր նետեք ևս երեք հայի»,-ասել էր վարչապետը:

Նշենք նաև, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ևս ընդունել է Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղարկած մարտահրավերը:

Ամենաթարմ