Հարավային Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի ղեկավարները եռակողմ գագաթնաժողովի ընթացքում հաստատել են Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացին աջակցելու մտադրությունը: Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:
«Մենք ունեցանք հանգամանալի երկխոսություն, մասնավորապես, Կորեական թերակղզու անվտանգության պայմանների շուրջ… Երեք երկրները շարունակելու են միասին աշխատել, որպեսզի խնդիրը լուծեն քաղաքական ճանապարհով»,-հայտարարել է Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը՝ ելույթ ունենալով երեք ղեկավարների գագաթնաժողովից հետո կայացած համատեղ ճեպազրույցում:
Հարավային Կորեայի, Չինաստանի և Ճապոնիայի եռակողմ գագաթնաժողովը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-24-ին չինական Սիչուանի նահանգի մայրաքաղաք Չենդուում: Կողմերը քննարկել են եռակողմ համագործակցությունը, իրադրությունը Հյուսիսարևելյան Ասիայում և այլ հանգուցային տարածաշրջաններում:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը նաև առանձին հանդիպումներ է անցկացրել ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ: