Ամանորյա միջոցառումները չեն կարող լինել մեկ կամ երկու համերգային ծրագրով․ Տիգրան Վիրաբյան

Հրապարակող՝

Ամանորյա միջոցառումները չեն կարող լինել մեկ կամ երկու համերգային ծրագրով․ Տիգրան Վիրաբյան

Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, չի ավելացնելու նաև հաջորդ տարի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«2017-ին Երևանի բյուջեից տրամադրվել է 199 մլն դրամ, 2018-ին՝ 167 մլն դրամ, իսկ 2019-ին հատկացվել է 158 մլն դրամ։ Հետագայում, երբ կառավարությունը լիազորությունները պատվիրակեց քաղաքապետարանին, ծավալները մեծացվեցին։ Ավելացումը տեղի է ունեցել զուտ ծավալների, առաջարկի ընդհանուր տրամաբանության մեջ։ Երևանի քաղաքապետարանը չի ավելացրել բյուջեն, չի ավելացնելու նաև հաջորդ տարի,-ասաց Վիրաբյանը։

Հիշեցնենք, որ այս տարի ամանորյա տոնակատարություններին նախատեսված է հատկացնել 325 մլն դրամ։

Տիգրան Վիրաբյանը նաև ասաց, որ դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի և նրա խմբի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո։

Փոխքաղաքապետը, ներկայացնելով ամանորյա միջոցառումները, նշեց, որ Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է ժամանակակից հեքիաթային քաղաք, պատվիրվել է վերգետնյա անցում, որպեսզի ապահովվի դեպի տոնածառ անվտանգ երթևեկություն ապահովվի։

«Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։00-ին, տեղի կունենա տոնական լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հայկական մոտիվներով, հայաֆիկացված համաշխարհային ամանորյա հիթերի մյուզիքլով։

Կարծում եմ՝ այս ձևաչափը կլինի շատ հետաքրքիր։ Միջոցառումները կշարունակվեն մինչև 2020-ի հունվարի 13-ը։ Ամանորյա միջոցառումները չեն կարող լինել մեկ կամ երկու համերգային ծրագրով, ամեն երեկո պետք է հետաքրքիր դարձնենք մայրաքաղաքի կենտրոնը համաքաղաքացիների, հյուրերի համար,-ասաց նա։

Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ դեկտեմբերի 31-ին ծրագիրը մեկնարկելու է 22։00-ից։ Հանրապետության հրապարակից ուղիղ եթերով կլինի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը։

Ամենաթարմ