fbpx
Սպորտ

Ամեն ինչ կանենք մեր դրոշն ամենաբարձր տեղում պահելու համար․ ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյան

Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մեր երկիրը կներկայացնի 65 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը։

Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը խոստանում է ամեն ինչ անել հաջող ելույթների և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար․

«Տրամադրվածությունը հիանալի է։ Թիմում տիրող մթնոլորտն էլ լավ է։Բոլորս տրամադրված ենք, լավ ենք պատրաստվել, դեռ մի քանի օր կա լավագույն մարզավիճակին հասնելու համար։ Ամեն ինչ կանենք մեր դրոշն ամենաբարձր տեղում պահելու համար»։

Ֆրանգուլյանի խոսքով, ինքը լիովին վերականգնվել է վնասվածքից ու արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում։

65 քաշային կարգում մրցակցությունը բավականին լուրջ է․ Արդյոք այս մրցաշարում հաղթանակը կրկնակի՞ կարևոր կլինի երիտասարդ ըմբիշի համար․

«Ցանկացած մրցաշարում հաղթանակը շատ կարևոր է։ Բայց, իհարկե, ավելի է պարտավորեցնում, որ մեր քաշային կարգում մրցակցությունը բարձր է։ Ուրախ եմ, որ հենց այդ քաշային կարգում եմ մրցելու»,- խոստովանում է Վոլոդյա Ֆրանգուլյանը։

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, ավելի վաղ մեկնաբանելով այս քաշային կարգում ընտրությունը, նշել էր, որ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը դեռևս լիովին չի ապաքինվել վնասվածքից։

Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ 65 կգ քաշային ըմբիշը ձեռքի բութ մատի վնասվածք էր ստացել ու ապրիլին վիրահատվել էր։ Նշվում էր, որ բժշկական միջամտությունից 2 շաբաթ հետո 19-ամյա ըմբիշը կկարողանա թեթև մարզումներ անցկացնել, իսկ 6 շաբաթ անց՝ վերադառնալ գորգային մարզումներին։

Հիշեցնենք՝ Մինսկում կայանալիք Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն նաև 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Սարգիս Հովսեփյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ)։

Գրում է Armsport-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ