ԱՄՆ Զինված ուժերը Կորեայի Հանրապետությանը վերադարձրել է չորս ռազմակայանի վերահսկողությունը այդ օբյեկտների օգտագործման հետևանքով տեղանքի աղտոտվածության վերացման շուրջ երկարատև վեճերից հետո։ Այս մասին հաղորդում է Yonhap-ը։
Խոսքը Վոնջու քաղաքում Քեմփ Իգլ և Քեմփ Լոնգ ռազմակայանների, Բուփհյոն քաղաքի Քեմփ Մարքեթ, ինչպես նաև Քեմփ Հոուվի (Հյուսիսային Կորեայի սահմանին, Թոնդուչհոն քաղաք) ռազմակայանների մասին է։
Ռազմական օբյեկտները վերադարձնելու որոշումը ընդունվել է չորեքշաբթի Ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրի համատեղ խորհրդի (Status of forces agreement, SOFA) նիստում, Կյոնգիդո նահանգի Քեմփ Համֆրիս ռազմակայանում, որը 70 կիլոմետր է հեռու Սեուլից։ Բանակցությունների արդյունքում Կորեայի Հանրապետության ԱԳՆ հյուսիսամերիկյան դեպարտամենտի ղեկավար Կո Յուն Չժուն և Կորեական թերակղզում ԱՄՆ Զինված ուժերի փոխհրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենեթ Վիսբախը համաձայնեցրել են նաև Սեուլում գտնվող Յոնգսան Գերիսոն ռազմակայանի հանձնման հարցը՝ դրա տեղում քաղաքային այգի հիմնելու համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները աղտոտվածությունը վերացնելու պատասխանատվության մասին։
Ինչպես նշում է Yonhap-ը, օգոստոսին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի աշխատակազմը հանդես եկավ նախաձեռնությամբ՝ արագացնել 26 ամերիկյան ռազմակայանների հանձնման գործընթացը տեղի բնակիչների անհանգստության ֆոնին՝ աղտոտվածության հետ կապված։
