Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույցում անդրադարձել է Շուշիի սուրբ Ղազանչեցոց, Կանաչ Ժամ և Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիների դեմ վանդալիզմին

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Միջազգային կրոնական ազատության վերաբերյալ տարեկան զեկույցը, որտեղ Ադրբեջանին առնչվող բաժնում մի քանի անդրադարձ է կատարվել Արցախի հայկական հուշարձանների վրճակին։

Զեկույցում նշվում է, որ 2020 թվականի հակամարտությունից հետո Հայաստանի իշխանությունները, հոգևոր գործիչները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական մշակութային և կրոնական ժառանգության վերաբերյալ՝ հաշվի առնելով հայկական պաշտամունքի վայրերի վրա կատարված հարձակումները և վանդալիզմի դեպքերը։

Փաստաթղթում արձանագրվում է վերջին պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 8-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու կրկնակի ռմբակոծության փաստը։ Ըստ զեկույցի՝ հայկական կողմը հայտնել է, որ Շուշին վերահսկողության տակ վերցնելուց հետո, նոյեմբերի 14-ին ադրբեջանական ուժերը պղծել են սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։

Պետքարտուղարությունը մատնանշել է նաև Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամի) և Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու դեմ վանդալիզմը, ինչի վերաբերյալ տեսանյութեր են տարածվել սոցիալական ցանցերում։

Զեկույցում նշվում է, որ հայկական կողմի խնդրանքով ռուս խաղաղապահները պահպանության տակ են վերցրել Դադիվանքի միջնադարյան վանքը, որն Ադրբեջանի հսկողության տակ է անցել աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո։ Պետքարտուղարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահներն իրենց վերահսկողության տակ են առել Դադիվանքը նոյեմբերի 14-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հեռախոսազրույցից հետո։

«Նախագահ Ալիևի հանրային հայտարարությունը, թե Քարվաճառի եկեղեցիները պատկանում են Կովկասյան Ալբանիայի հին պետությանը, հայերի շրջանում մտահոգություն է առաջացրել, որ Ադրբեջանը կարող է փորձել խաթարել որոշ կրոնական վայրերի կապն իրենց հայկական ժառանգության հետ»,- նշված է զեկույցում։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ