Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։
Նա շեշտել է, որ այս շաբաթավերջին բոլորը տեսան Վրաստանի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը՝ տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներով, որոնք կոչ էին անում իրենց կառավարությանը դեմ կանգնել այս օրենքին, քանի որ ցանկանում են եվրաատլանտյան ապագա:
«Մենք կտեսնենք, թե ինչ կանի խորհրդարանը, բայց եթե այս օրենքն ընդունվի, դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,- նշել է նա։
Սպիտակ տունը «խորապես մտահոգված է» օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունմամբ։ Վաշինգտոնն ակնկալում է, որ Վրաստանի նախագահը վետո կդնի դրա վրա։
«Անհասկանալի է, թե արդյոք խորհրդարանը կփորձի չեղարկել պոտենցիալ վետոն, մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր մտահոգությունը օրենքի վերաբերյալ, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին և Վրաստանը ավելի կհեռացնի Եվրամիության արժեքներից, և մենք չպետք է մոռանանք ՆԱՏՕ-ի մասին»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա։