ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուժեղացրել է ճնշումը վենեսուելական պետական նավթային կոնցեռնի վրա՝ նշելով այն հնարավորությունը, որ ամերիկյան պատժամիջոցներ կարող են սահմանվել այն միջազգային ներմուծողների համար, որոնք Վենեսուելա են մատակարարում նավթը նոսրացնող հեղուկ: Այս մասին նշված է ֆիննախի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Տեղեկությունը փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ն ձգտում է առավելագույնս սահմանափակել այն եկամուտները, որոնք Վենեսուելայի իշխանությունները ստանում են PDVSA պետական նավթային ընկերության գործունեության շնորհիվ: Կոնցեռնը երկար ժամանակ նոսրացնող նյութերը ներմուծում էր ԱՄՆ-ից: Այս նյութերն անհրաժեշտ են վենեսուելական գերծանր նավթը նոսրացնելու համար, որը այն պիտանի է դարձնում հետագա արտահանման համար: Սակայն ԱՄՆ իշխանությունները ամերիկացի արտադրողներին դեռևս հունվարին են արգելել նման գործարքների կատարումը՝ PDVSA-ին հարկադրելով դիմել այլ երկրների մատակարարների:
«Մենք հանգույցը ձգում ենք գոյություն ունեցող պատժամիջոցները շրջանցող հնարավոր բոլոր ճանապարհների վրա, որոնք Մադուրոյի ռեժիմին թույլ են տալիս ուղիներ որոնել PDVSA-ն որպես իր կթու կով օգտագործելու համար»,- Reuters-ին ասել է ԱՄՆ վարչակազմում չներկայացած բարձրաստիճան աղբյուրը:
Նա հավելել է, որ ֆիննախի վերջին հաղորդագրությունը միջազգային ընկերություններին իրազեկում է այն մասին, որ PDVSA-ի հետ նրանց հետագա ցանկացած համագործակցություն կամ նոսրացնող նյութերի վաճառքի գործարք… կարող է դառնալ ապագա պոտենցիալ պատժամիջոցների պատճառ:
Սպիտակ տան աղբյուրը հրաժարվել է հայտնել այն արտասահմանյան ընկերությունների անունները, որոնք Վենեսուելա նոսրացնող նյութի մատակարարումներ են իրականացնում՝ դրանք ներկայացնելով որպես «խոշոր գլոբալ կորպորացիաներ»: Նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները նախատեսում են առաջիկա շաբաթ ուժեղացնել Կարակասի վրա տնտեսական ճնշումը:
Մայիսին Վենեսուելայից նավթի արտահանումը պատժամիջոցների պատճառով 17 տոկոսով նվազել է: