«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածել է հայտարարություն Ամուլսարի շուրջ ծավաlվող իրադարձությունների առնչությամբ։
«Երեկ՝ ս.թ. դեկտեմբերի 9֊ին, Ջերմուկի Գրանտ Ռեզորթ հյուրանոցում ՀՀ փոխոստիկանապետը, ոստիկանապետի խորհրդականը, ոստիկանության այլ պաշտոնատար անձինք, Վայոց Ձորի մարզպետը և Ջերմուկի համայնքապետը հանդիպել են Ջերմուկ համայնքի մի խումբ բնակչների հետ, ովքեր մասնակցում են դեպի Ամուլսար տանող ճանապարհների արգելափակմանը։
ՀՀ կառավարության այս քայլը թերևս կարևոր պատճառ ունի։ Մամուլում շրջանառվող տեղեկություններ կան, որ Լիդիան ընկերությունը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը տեղաշարժ ցույց չտալու դեպքում կարող է դեֆոլտի ենթարկվել։
Հանդիպմանը ներկա բնակիչները կտրուկ կերպով մերժել են, սակայն, նկատի ունենալով, որ Ամուլսարի խնդիրը ոչ միայն իրենցն է, այլև ամբողջ համայնքինը և համայն հայությանը, հայտարարել են, որ հանրային քննարկում կկազմակերպեն և օրեր անց կներկայացնեն բոլորի դիրքորոշումը։
Համոզված ենք, որ հանրային քննարկման մասնակիցները միահամուռ կերպով դեմ կլինեն Ամուլսարի մուտքերը բացելուն։
Եվ, այդուհանդերձ, խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը համառորեն շարունակում է պաշտպանել Ամուլսարի ազգակործան ծրագիրը և այդ նպատակով փորձում է տարբեր հնարքներով փրկել շրջանառվող լուրերի համաձայն սնանկացման եզրին գտնվող Լիդիան ընկերությանը։
Անկախ այս հարցում ՀՀ կառավարության շարժառիթներից և քայլերից, հայտարարում ենք, որ սերունդների ապագայի համար սրտացավ համայն հայության հետ միասին խափանելու ենք Ամուլսարը հանք դարձնելու բոլոր փորձերը։
Ամուլսարը սար է մնալու»,– ասվում է հայտարարությունում։