fbpx
Խորհրդարան

Ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է. Ալեն Սիմոնյանը՝ շվեյցարացի գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին և Միշել Մարտերին:

Պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր:

Հանդիպմանը կողմերը փաստել են՝ փոխգործակցության լայն ասպարեզ կա խորհրդարանների համար, ուստի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները:

Այս համատեքստում կարևորվել են բարեկամական խմբերի գործունեությունը և փոխայցերի ընթացքում բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքը:

Կողմերն անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքներին: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել զոհերի, գնդակոծված ենթակառուցվածքների մասին:

«Դուք այցելելու եք Ջերմուկ, որտեղ ականատես կլինեք ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Ձեր դեսպանն արդեն այցելել է Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզեր, որտեղ ծանոթացել է Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով տարբեր բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին»,- հավելել է նա:

Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսքեր է ասել շվեյցարացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի և դրա հետեւանքների մասին շվեյցարական կառավարության հետ խոսելու համար՝ նշելով, որ սպասում է գործուն քայլերի:

Արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է, իսկ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ անընդունելի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստան այցելությունից հետո, պատգամավորները կբազմապատկեն ջանքերն իրականությունն անաչառ ներկայացնելու, Հայաստանին և հայ ժողովրդին, հայոց անկախ պետականությանը նեցուկ կանգնելու ուղղությամբ, միաժամանակ, չմոռանալով Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել շվեյցարացի պատվիրակների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ