fbpx
Սպորտ

Անհրաժեշտ է կառուցել մարզադաշտեր հատուկ բասկետբոլի համար․ Դիանա Սարգսյան

«Արագած» բասկետբոլային թիմը կազմավորվել է 2018 թվականի ամռանը՝ Ա լիգայի մրցաշարին մասնակցելու և Հայաստանում բասկետբոլը էլ ավելի զարգացնելու նպատակով։ Azat.tv-ն զրուցել է բասկետբոլային ակումբի մենեջեր Դիանա Սարգսյանի հետ։

Մի փոքր պատմեք «Արագած» թիմի կազմի մասին։ Ո՞ր հորիզոնականն է զբաղեցնում այն մրցաշարային աղյուսակում։

Այս տարի կազմը փոփոխության է ենթարկվել, սակայն ամենակարևորն այն է, որ թիմում ունենք հայազգի մարզիկներ, բացի դրանից՝ նաև չորս լեգիոներ։

«Արագած» թիմը ինչպես ընթացիկ, այնպես էլ անցյալ տարվա մրցաշարում լավագույն քառյակում է՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Չնայած, մցակցությունը բավականին ուժեղ է, քանի որ կան թիմեր, որոնք ևս պայքարում են առաջին տեղում լինելու համար։

Ինչքա՞ն է հետաքրքրությունը բասկետբոլի հանդեպ Երևանում, ինչպես նաև ՀՀ մարզերում։

Այս սպորտի հանդեպ հետաքրքությունը բավականին շատ է ու ամեն տարի ավելի է աճում։ Դիտողների քանակը զգալիորեն աճել է, խաղերին ոմանք արդեն ընտանիքներով են սկսել գալ և դիտել։

Իսկ մարզերում խնդիրն այն է, որ այնտեղ ոչ բոլոր դաշտերն են լավ վիճակում, տեղեր կան, որ չկան մարզադաշտեր։ Մեծ մասամբ խաղերը լինում են Երևանում, և այդ պատճառով ոչ բոլորն են մարզերից կարողանում գալ ու նայել խաղերը։

Որպես մասնագետի և նախկին խաղացողի՝ Ձեզ ի՞նչ է պետք Հայաստանում բասկետբոլի զարգացման համար։

Իմ կարծիքով՝ առաջնահերթ անհրաժեշտ է կառուցել մարզադաշտեր, որոնք կլինեն հատուկ միայն բասկետբոլի համար, քանի որ հիմա խնդիրն այն է, որ կա ընդամենը մի քանի մարզադաշտ, որ ունի ճիշտ պարամետրեր և պայմաններ՝ պարապմունքներ անցկացնելու համար։

Սակայն, այդ մարզադաշտերում, բացի բասկետոբոլից, զբաղվում են նաև վոլեյբոլով, ֆուտբոլով, այդ իսկ պատճառով լինում է այնպես, որ նույնիսկ ազատ ժամանակ չի լինում, որ տրամադրենք բասկետբոլին ու պարապմունք անցկացնենք։ Իսկ առանց պարապմունքնեերի՝ հնարավոր չէ այստեղ բասկետբոլը զարգացնել։

Օրերս դժբախտ պատահարից մահացել է NBA-ի հանրահայտ աստղ Կոբի Բրայանտը։ Իր անցած ճանապարհից ո՞ր դրվագներն են ավելի ոգեշնչել Ձեզ, և ինչն է Ձեզ համար առավել հիշարժան։

Դա մի սարսափելի նորություն էր, որը ցնցեց ամբողջ աշխարհը, և մինչև այսօր էլ լիովին ոչ բոլորն են կարողանում համակերպել այդ դեպքի հետ։

Դրվագները շատ են, հնարավոր չէ ամենը հիմա ասել, բայց ամենահիշարժանը այն է, երբ խաղի ընթացքում ինքը ծնկի լուրջ վնասվածք ստացավ, բայց, չնայած այդ վնասվածքին, չլքեց խաղահրապարակը ու շարունակեց խաղալ։ Մի քանի անգամ ընկնելով, նորից ցավը զգալով՝ ինքը մեկ է փորձում էր օգնել իր թիմին։

Ինքը ուղղակի լեգենդ է, որի մասին կարելի է ժամերով խոսել։

Ձեր թիմը ոգեշնչվո՞ւմ է նրա խաղով։

Կարծում եմ բոլորը, ովքեր հետևում են բասկետբոլին կամ թեկուզ մի քանի անգամ դիտել են NBA-ի խաղերը, ոգեշնչված են նրանով, նրա խաղով։ Շատերն են սկսել զբաղվել բասկետբոլով՝ դիտելով նրա խաղը, շատերն են փորձել նմանվել իրեն, կրկնել այն, ինչ նա էր անում։ Նա իրոք մեծ դեր է ունեցել ոչ միայն բոլորիս բասկետբոլային կարիերայում, այլ նաև կյանքում։

Հավանականություն կա՞ ապագայում տեսնել հայազգի NBA աստղ:

Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց դա ավելի դժվար է հայ ազգի համար, քանի որ մեր ներկայացուցիչները համեմատաբար կարճահասակ են, բայց բացառություն չէ, որ որևէ հայազի մարզիկ այդպիսի հաջողության  հասնի, որովհետև դա կախված է մարդուց, թե ինքը ինչպես կձգտի հասնել իր նպարակին։ Ամեն ինչ հնարավոր է՝ կարծում եմ։

Կա՞ արդյոք Հայաստանի լիգայում խաղացող հայազգի մարզիկների նկատմամբ արտերկրից հետաքրքրություն։

Կան հայազգի խաղացողներ, որոնք բավականին լավ արդյունքներ են ցուցաբերում ինչպես անհատական, այնպես էլ թիմային խաղում։ Իհարկե նրանցով հետաքրքրված են արտերկրյա ակումբները։ Մեծ մասամբ նրանցով հետաքրքրվում են Ռուսաստանի Սուպեր Լիգայի մրցաշարին մասնակցող ակումբները։

Կարծում եմ՝ դա շատ մեծ առաջընթաց է Հայաստանի բասկետբոլի համար ու հետագայում ավելի կշատանան հայ մարզիկները, որոնցով կհետաքրքրվեն արտերկրյա թիմերը։

Հարցազրույցը՝ Անուշ Լալայանի

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ