ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզյանը ԱՄՆ այցի շրջանակներում ելույթ է ունեցել Վաշինգտոնութ կայացած Առաջնորդների ֆորումում:
«2000-ականների սկզբին աշխարհով մեկ արդեն իսկ գրանցվել էր ավտորիտարիզմի աճ: Միևնույն ժամանակ, մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ համաշխարհային այս մարտահրավերն ունի բազմաթիվ պատճառներ, սակայն եթե մատնանշելու լինենք հիմնականը, ապա դա կլինի ավանդական ժողովրդավարական գործընթացներում քաղաքացիների մասնակցության ձախողումը:
Մինչև oրենսդիր մարմնի անկախության կարևորության վերահաստատումը, մենք պետք է վերագնահատենք անկախ օրենսդիր մարմնի դերը և էությունը: Երեք դար առաջ Ամերիկայի Սահմանադրության համահեղինակ Ջեյմս Մեդիսոնն իր «Ֆեդերալիստ» հանդեսի հոդվածաշարում ուսումնասիրել է «մաքուր ժողովրդավարություն» և «հանրապետություն» հասկացությունները: Նա նախազգուշացնում է հանրապետության սկզբունքներից դուրս գործող տարբեր խմբավորումների բացասական ազդեցությունների մասին: Այս միտքն ավելի հնչեղ է մեր օրերում, երբ ժողովրդավարական ինստիտուտները տևական ժամանակ է, ինչ գործում են:
2018 թվականի ապրիլյան խաղաղ, ժողովրդավարական հեղափոխությունը բացառիկ և կարևոր հաղթանակ էր կարծրացող ավտորիտարիզմի նկատմամբ: Այս ժողովրդական շարժումը վերահաստատեց քաղաքացու և կառավարության միջև կապը: 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները նվաճեցին իրենց ներկայացուցիչներին ընտրելու իրավունքն ազատ և արդար ընտրություններում, մի իրավունք, որը տևական ժամանակ ոտնահարված էր: Այս փաստը ճանաչվել է ոչ միայն մեր միջազգային գործընկերների, այլ նաև Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կողմից:
Քանի դեռ ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության համար անհրաժեշտ պայման են, շատ աշխատանք պետք է տարվի մեդիսոնյան ընկալմամբ հանրապետություն հաստատելու համար: Ժողովրդավարության ինստիտուցիոնալացումը և օրենսդիր մարմնի դերն այս գործընթացում առաջնային է՝ թույլ չտալու «խմբավորումներին» վնասել ժողովրդավարական կառավարմանը: Այս նպատակով Հայաստանում այժմ ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների բարեփոխման և հզորացման գործընթաց, որի դեպքում ժողովրդավարության առաջխաղացումն անշրջելի կլինի:
Անկախ օրենսդիր մարմինը ցանկացած ժողովրդավարության հենքն է: Օրենսդիր մարմնի անկախության հաստատման միջոցով մենք ժողովրդավարական պետական կառույցները պատվաստում ենք ընդդեմ խմբավորումների վարակի: Անկախ և ներկայացուցչական օրենսդիր մարմինը մի կողմից թույլ է տալիս հասարակությունում առկա տարբեր քաղաքական հայացքների բարձրաձայնում անհրաժեշտ խողովակներով, մյուս կողմից էլ ապահովում է հանրապետությունում հանրային քննարկում` ինստիտուցիոնալ մեխանիզմներով:
Ամփոփելով ելույթս` նշեմ, որ Ներկայացուցիչների պալատի այս երկկուսակցական ձևաչափը լավ օրինակ է ծառայում աշխարհի մյուս օրենսդիր մարմինների համար` վերանայելու և իրականացնելու մեդիսոնյան գաղափարը: Անկախ օրենսդիր մարմինը` որպես քաղաքական ինստիտուտ, ամուր վահան է՝ դիմակայելու ավտորիտարիզմի վտանգներին, միևնույն ժամանակ ունենալով բավականաչափ ճկունություն ներքին ճնշումներին տեղի չտալու համար»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: