fbpx
Հասարակություն

Աննա Հակոբյանն ու Քերոլայն Նաջարյանը քննարկել են ապագա համագործակցության ուղիները

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 28-ին հյուրընկալել է ամերիկահայ բժիշկ, բարերար Քերոլայն Նաջարյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը:

Հանդիպմանը Քերոլայն Նաջարյանը պատմել է այցի արդյունքում Հայաստանում և Արցախում ստացած իր տպավորություններից: «Տասներկու տարի առաջ էի եղել Հայաստանում և Արցախում, և եթե Թավշյա հեղափոխությունը չլիներ, Հայաստան չէի վերադառնա: Այս երկու շաբաթվա ընթացքում զարմանալի փոփոխություններ եմ տեսնում Հայաստանում, մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել, աչքերում` հույս, նրանք երջանիկ են: Այս հեղափոխությունը նրանց շատ բան սովորեցրեց և տվեց հավատ, որ նրանք կարող են շատ բան փոխել»,- ասաց Քերոլայն Նաջարյանը` ներկայացնելով այն գործունեությունը, որ ինքը և իր ամուսինը կատարել են Հայաստանում:

Աննա Հակոբյանն էլ շեշտել է, որ սփյուռքը շատ մեծ դերակատարություն ունի Հայաստանի զարգացման գործում:

«Սփյուռքը միշտ եղել է իր հայրենիքի կողքին, թե´ Սպիտակի երկրաշարժի ժամանակ, թե´ Արցախյան պատերազմի ժամանակ, թե´ դրան հաջորդած տարիներին և նրա աջակցությունը եղել է մեծ ու անգնահատելի: Ցավոք, միշտ չէ, որ սփյուռքի մեր բարեկամները ստացել են այն վերաբերմունքը, որին արժանի են, ինչը շատ ցավալի է: Այսօր մենք կանգնած ենք պատմական փոփոխությունների շեմին և սփյուռքը հայրենիքին կարող է օգնել ոչ թե հաղթահարել դժվարությունները, այլ աջակցել զարգացնելու հայրենիքը: Սա իրոք բացառիկ պահ է, որը պետք է բաց չթողնենք»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպմանը Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու ուղղությունները: Կողմերը քննարկել են հիմնադրամի հետ ապագա համագործակցության ուղիները:

Հանդիպման ավարտին Քերոլայն Նաջարյանը տիկին Հակոբյանին է նվիրել իր հեղինակած «Կանչ հայրենի տնից» և «Avedis’ story» գրքերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ