Մայրաքաղաքում 21 գերեզմանատուն կա: Դրանցում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող մյուս գործառույթներով զբաղվում է Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը:
Չնայած նրան, որ 21 գերեզմանատներն ունեն իրենց հստակ սահմանված տարածքները, կան դեպքեր, երբ քաղաքացիները հուղարկավորություն են կազմակերպում դրանց հարակից հատվածներում, ինչն օրենքով արգելված է:
«Ունենք նախադեպ, երբ Դավթաշենի գերեզմանատան հարակից շուրջ 1 հա տարածքը 2012թ. գրավադրվել է բանկերից մեկում, որտեղ կան նաև գերեզմանատեղեր: Հիմա քննչական վարույթ է իրականացվում: Մարդիկ իրենց սեփական հողատարածքներում թե ինչ ճանապարհով, չեմ կարող ասել, բայց թույլատրել են հուղարկավորություն կատարել, որն անօրինական է»,- նշում է կազմակերպության տնօրեն Արման Իսկանդարյանը:
Բոլորովին վերջերս անօրինական հուղարկավորության դեպք է գրանցվել նաև «Քանաքեռ» գերեզմանատան հարակից տարածքում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով՝ սահմանված տարածքներից դուրս հուղարկավորություն կազմակերպելու համար նախատեսված են տույժեր:
«Շատ հնարավոր է, որ օրենքի ուժով ինչ-որ մի օր այդ գերեզմանները ենթակա լինեն տեղափոխման: Կոչ եմ անում մեր բոլոր բնակիչներին՝ զերծ մնալ նմանօրինակ հողային ձեռքբերումներից: Օրինական ճանապարհը միայն «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տրամադրվելիք տարածքներն են, որոնք, ի դեպ, բացառապես տրամադրվում են անվճար»,- նշում է կազմակերպության տնօրեն Արման Իսկանդարյանը:
Ընթացիկ տարում Աջափնյակ վարչական շրջանում նոր տարածք կհատկացվի համայնքային գերեզմանատան համար: Միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով քաղաքապետարանը նախատեսում է օրենսդրական փոփոխությունների առաջարկությամբ հանդես գալ: Համյանքային նոր գերեզմանատանը հուղարկավորությունների ու գերեզմանատեղերի համար կսահմանվեն միանման չափորոշիչներ: