Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի կողմից Վարոշայի շրջանում (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն՝ Քափալը Մարաշ- Փակ Մարաշ) իրականացվող քայլերը և դրանք մարտահրավեր որակել: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։
Նշենք, որ Կիպրոսի զբոսաշրջային հանգստավայրերից մեկը՝ Վարոշայի շրջանը, որն ընդունված է անվանել «Ուրվական-քաղաք», 46 տարի է փակ է այցելուների համար:
Անաստասիադիսի խոսքով՝ Քափալը Մարաշի բացման ուղղությամբ Թուրքիայի քայլերին իրենք կպատասխանեն դիվանագիտական քայլերի ձեռնարկմամբ:
«Ձեռքներս ծալած չենք նստելու: Անընդունելի են և անընդունելի կլինեն Քափալը Մարաշում թուրքերի սադրիչ գործողությունները»,-ասել է Կիպրոսի Հանրապետության նախագահը:
Նա անընդունելի է համարել թե ցամաքային հատվածում և թե Միջերկրական ծովում Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքի խախտումները:
Հիշեցնենք, որ Կիպրոսի Հանրապետության նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ կղզու թուրքական հատվածում գտնվող Վարոշա ուրվական-քաղաքի մուտքը չպետք է բացել զբոսաշրջիկների և բնակչության համար և ընդգծել, որ այս առումով Թուրքիայի նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։
Իսկ այս թեմայի շուրջ Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ Մարաշի շրջանը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության մասն է և այստեղ նրանք «լիարժեք իրավունք ունեն գործի դնելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար իրենց հայրենիքի կայունությունը և տնտեսական զարգացումը»: