fbpx
Հասարակություն

ԱՊՀ դիտորդները չեն արձանագրել խախտումներ, որ կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԱՊՀ և ՀԱՊԿ դիտորդները խախտումներ չեն հայտնաբերել:

Երևանում ամփոփելով դիտորդական առաքելության արդյունքները՝ այս մասին ասուլիսում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը:

«Ընդհանուր կարծիքն այն է, որ ընտրությունները սկսվել են առանց աղմուկի ու իրարանցումների: Արդյունքների մասին պատրաստվել է վերջնական փաստաթուղթ: Գործընթացն իրականացվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, դիտորդները չեն արձանագրել որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա, ընտրությունները կազմակերպված են եղել բարձր կազմակերպչական մակարդակով»,- ասել է Նեմատովը։

Առաքելության ղեկավարը նշել է, որ Հայաստանում իրենց դիտորդական խումբն այցելել է մոտ 700 ընտրատեղամաս, դիտորդական առաքելության կազմում եղել է 96 անձ: Ըստ Նեմատովի՝ նրանք բոլորն էլ փորձառու անձինք են՝ պատգամավորներ, ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովից, ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովից, ռուս-բելառուսական միությունից:

«Մենք դիտորդական առաքելությունն անցկացրել ենք ազատ, անկողմնակալ, առանց միջամտելու Հայաստանի ներքին գործերին և Հայաստանի օրենքների հիման վրա»,- հավելել է Նեմատովը։

Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովները ստեղծել են բոլոր պայմանները՝ ազատ կամարտահայտման իրավունքներն իրականացնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ