ԱՄՆ 2-րդ շրջանային վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ժամանակավորապես կասեցնել Դոնալդ Թրամփի կողմից լրագրող Է. Ջին Քերոլին 83 միլիոն դոլարի փոխհատուցման վճարումը: Այս որոշումը թույլ կտա նախկին նախագահին սպասել ԱՄՆ Գերագույն դատարանի վերջնական եզրակացությանը կամ բողոքարկման մերժմանը:
Որպես վճարման հետաձգման պայման՝ դատարանը Թրամփից պահանջել է ներկայացնել 7,4 միլիոն դոլարի գրավ (բոնդ), որը կծածկի հնարավոր հավելյալ տոկոսները դատական գործընթացի ընթացքում: Թրամփի փաստաբանները պնդում են, որ նախկին նախագահն ունի «բացարձակ անձեռնմխելիություն» այն հայտարարությունների համար, որոնք նա արել է պաշտոնավարման ընթացքում:
Հիշեցնենք, որ 83 միլիոն դոլարի տուգանքը սահմանվել էր 2024 թվականի հունվարին՝ Քերոլի հասցեին արված զրպարտչական հայտարարությունների համար: Ավելի վաղ՝ 2023 թվականին, մեկ այլ դատարան Թրամփին մեղավոր էր ճանաչել Քերոլի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ՝ սահմանելով 5 միլիոն դոլարի փոխհատուցում:

