Apple-ը հրաժարվել է iPhone 15 Pro Max կամ Ultra ինդեքսով սմարթֆոն թողարկել 2023-ին, այս մասին X-ում (Twitter) իր էջում հայտնել է Bloomberg-ի հայտնի ինսայդեր և լրագրող Մարկ Գուրմանը։
Նրա խոսքով՝ սովորական iPhone 15 Pro Max-ի կամ նոր iPhone 15 Ultra-ի փոխարեն, որոնց մասին շատ խոսակցություններ էին շրջանառվում, Apple-ը կներկայացնի iPhone 15 Pro-ի ինչ-որ ավելի մեծ տարբերակ։
«Հստակության համար ասեմ, որ Pro Max և Ultra տարբերակներ չեն լինի: Կլինի միայն չորս մոդել՝ [iPhone] 15, 15 Plus, 15 Pro և ավելի մեծ 15 Pro»,- գրել է Գուրմանը՝ առանց նշելու պատճառներ, թե ինչու է ընկերությունն այդպես որոշել։
Ինսայդերն այս մասին գրել է՝ մեկնաբանելով մեկ այլ ինսայդեր Մաջին Բուի հրապարակած տեղեկությունն այն մասին, թե iPhone 15 Pro-ի և Pro Max-ի փոխարեն Apple-ը 2023-ին կթողարկի 15 Pro Max և 15 Ultra։ Ըստ Մաջին Բու-ի՝ Ultra տարբերակը պետք է ստանա մինչև 2 ՏԲ ներկառուցված հիշողություն, ինչպես նաև տեսախցիկ՝ «շատ ավելի լավ ֆունկցիոնալությամբ»:
Թե ով է ինսայդերներից ճիշտ, պարզ կդառնա սեպտեմբերի 12-ին՝ Apple-ի աշնանային շնորհանդեսի օրը, որի ընթացքում ընկերությունը կցուցադրի իր նոր սմարթֆոնները և մյուս սարքերը։
Apple-ը պաշտոնապես հաստատել է, որ աշնանային շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ Սթիվ Ջոբսի անվան թատրոնում՝ Կուպերտինոյում գտնվող Apple Park կամպուսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ): Շնորհանդեսը կանցկացվի Wonderlust կարգախոսի ներքո, որն անգլերենից թարգմանվում է որպես «հրաշքների ծարավ»:
Նոր սարքերը, վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին, իսկ նախապատվեր հնարավոր կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ iPhone 15-ի շնորհանդեսից հետո iPhone 14 Pro-ն և Pro Max-ը կհանվեն արտադրությունից, մյուս հեռախոսների գները կիջեցվեն։