fbpx
Երևան

Ապրիլի 13-ին Երևանում շուրջ 7500 ծառ և թուփ կտնկվի

Ապրիլի 13-ը մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկի օր է: Հասցեական և բացառապես ոռոգելի տարածքներում ծառատունկի շրջանակում կտնկվի շուրջ 7500 ծառ և թուփ:

«Բոլոր 12 վարչական շրջաններում հասցեական իրականացվելու են ծառատնկման աշխատանքներ, ինչպես նաև եղած ծառապատ հատվածներում լինելու են կոնկրետ ծառատեսակների համալրումներ: Քաղացիներին սիրով հրավիրում ենք մասնակցելու ծառատունկին: Ծառեր և թփեր տրամադրվելու են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ինչպես նաև այն բոլոր կազմակերպություններին, որոնք դիմել են և ցանկություն են հայտնել իրենց տարածքներում իրականացնել ծառատնկումներ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Մոտեցումը նորովի է ծառատեսակների ընտրության հարցում: Գալիք տարիներին Երևանը կզարդարեն ծաղկող ծառերը: Նախատեսվում է զարգացնել նաև ուղղաձիգ կանաչապատումը. ծաղկառատ կլինեն վերգետնյա անցումներն ու պատշգամբները:

«Ծառերի ստանդարտները փոխված են, դրանք ավելի կենսունակ, ավելի մեծ ծառերի տնկիներ են լինելու, դրանց մեջ կան նաև կատալպաներ, արոսենիներ, ծաղկող ակացիաներ: Մարտի 23-ի և ապրիլի 13-ին նախատեսված ծառատունկի ընթացքում ավելի քան 15000 ծառ և թուփ տնկած կլինենք: Մեծ քանակ նախատեսվում է նաև աշնանային հիմնական ծառատունկի շրջանակում»,- ասում է Խաչիկ Հակոբյանը:

Նոր դիմագիծ, նոր մոտեցումներ Երևանի կանաչապատման ոլորտում և ծրագրային հստակ քաղաքականություն՝ տարբեր ուղղություններով: Այս տարի նոր մոտեցում ցուցաբերվեց էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում մանրացվում են, նոր տեղափոխվում: Քաղաքային հետաքրքիր այս մշակույթի ներդրումն արդեն տեսանելի է Երևանում: Մայրաքաղաքում մեկնարկել են նաև բնաշիվային աճի էտման աշխատանքները:

«Բնաշիվային աճի էտման ժամանակ մենք փրկելու ենք այն բոլոր կոճղերից աճ տված և թփեր դարձած ծառերը, որոնք տարիների ընթացքում այդպես մացառուտների են վերածվել: Մենք դրանք ազատելու ենք ավելորդ ճյուղերից, էտելու ենք, թողնելու ենք հիմնական գլխավոր առանցքային մասը, որը լիարժեք շանս ունի մեծ սաղարթով ծառի վերածվելու»,- ընդգծում է բնապահպանության վարչության պետը:

Ընթացիկ տարում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անտառի և Սարալանջի հատվածներում կիրականացվեն անտառվերականգնման և կանաչապատման աշխատանքներ: Սարալանջի շուրջ 10 հա տարածքը կոռոգվի կաթիլային եղանակով։ Մի քանի տարի անց կունենանք այս պատկերը: 2019թ.-ին ընդհանուր առմամբ Երևանում 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ