fbpx
Հասարակություն

Ապրիլի 7-ը հռչակված է մայրության և գեղեցկության տոն

Այսօր ապրիլի 7-ն է։
Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է մայրության, գեղեցկության և սիրո տոնը: Տոնի օրը ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվել է 1995թ.-ին՝ ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի կողմից՝ փոխարինելով մարտի 8-ի տոնին, որը հետո տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենքով, կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Օրը պատահական չէ ընտրված։ Տոնի խորհուրդը կրոնական է։
Այդ օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ըստ Սուրբ գրքի. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ` Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր և հրեշտակը, հայտնվելով նրան ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։

Ապրիլի 7-ը հռչակված է մայրության և գեղեցկության տոն, և հիշեցնում է նաև այն անպաշտպան կանանց մասին, ովքեր լռությամբ կրում են սոցիալական ու հոգեբանական ծանրագույն խնդիրներ, ենթարկվում բռնությունների ու կամայականությունների: Այն մայրերի մասին, ովքեր միայնակ են մեծացնում իրենց երեխաներին՝ ամենօրյա հերոսությամբ հաղթահարելով հասարակական, հոգեբանական ու տնտեսական ամեն դժվարություն, և այն հերոսուհիների մասին, ովքեր զենքը ձեռքին պայքարել են մեր հայրենիքի կերտման ճանապարհին:

Սիրելի կանայք, AzatTV մեդիանախաձեռնությունը շնորհավորում է ձեզ օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն, խաղաղություն և բարօրություն Ձեր ընտանիքներին և թող սերն ու գեղեցկությունը երբեք չլքեն ձեզ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ