Factor TV-ի հարցազրույցն Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հետ
-Պարոն Տեր-Թադևոսյան, 27-րդ օրն է, ինչ պատերազմը շարունակվում է, և դեռ լուծումներ տեսանելի չեն։ Եղավ հրադադար հաստատելու երկու փորձ, որոնք խախտվեցին հակառակորդի կողմից։ Արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ կառուցողական առաջարկի, և Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ խնդիրը չունի դիվանագիտական լուծում։ Այս իրավիճակում ի՞նչը կարող է վերջ դնել պատերազմին։
-Այդ կռիվը ղեկավարում է Թուրքիան։ Էրդողանն ասել է, որ չեն զիջելու, մինչև հայերը «չազատեն» իրենց հողերը։ Պարզ է, որ Ալիևը ոչ մի հարց չի կարողանում լուծել։ Հիմա եթե Փաշինյան-Ալիև հանդիպում լինի, Փաշինյանը կարծես պատի հետ է հանդիպում։ Ալիևը չի կարողանում հարցեր լուծել։ Այսօր ԱՄՆ-ն աշխատում է այս հարցով, Ռուսաստանն ավելի շուտ է սկսել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Մենք էլ կարող ենք ճնշում գործադրել մեր բանակով, մի հատ Ալիևը զգա, որ վիճակը վատ է։ Մեր զենքի պաշարները քչացել էին, բայց հիմա մենք զենք ունենք նորից։ Եվ հիմա հաջողություններ ունենք և պետք է, կարող ենք զարգացնել այդ հաջողությունները։
-Երկու օր առաջ՝ Ձեր հարցազրույցներից մեկում, ասել էիք, որ 2-3 օրից լավ լուրեր կլսենք։ Մի փոքր փակագծերը կբացե՞ք և հիմա՞ էլ ունեք նման ակնկալիքներ։
-Այդ գծերը բացելը մի քիչ դժվար է, բայց բացենք. ես ասացի՝ մենք ունենք զենքի համալրում, երկրորդը. մեր կամավորները սովորում են, դասընթացներ են անցել։ Իրենք գնացին կռիվ, հետ եկան, հիմա նորից գնում են։ Իրենք հիմա ունեն փորձառություն այս կռվի մեջ։ Մենք դրանով ուժեղանում ենք։ Թշնամուն կանգնեցրել ենք. հիմա հետ ենք մղում։ Մենք տասնյակով անօդաչուներ ու տանկեր ենք խփում։ Դժվար վիճակի միջից մենք դուրս ենք եկել։ Առաջիկա օրերին Ղարաբաղի զորքերը կգնան առաջ։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։