Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայաստանցի զինծառայողներին` Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի գլխավորությամբ:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից տեղեկացնում են, որ Լիբանանում ծառայող հայ խաղաղապահները ծանոթացել են կաթողիկոսարանին, այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճար, հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այդ առթիվ կառուցված մատուռին ծաղիկներ դնելով: Նրանք եղել են նաև Անթիլիասի այլ կառույցներում և թանգարաններում:
Զինծառայողների հետ հանդիպման ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն ասել է, որ Լիբանանը Հայաստանի բարեկամ երկիր է, և հայ խաղաղապահների միջոցով հայ և լիբանանցի ժողովուրդների հարաբերություններն ավելի են ամրապնդվում: Խոսելով հայոց բանակի մասին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ասել է.
«Ես հայոց բանակը ամբողջ հայության բանակը կը համարեմ»: Հանդիպմանը ներկա են եղել Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, բարերարներ, ինչպես նաև Հայաստանի դեսպանատան զինվորական կցորդ Ալեքսան Մուշեղյանը: