Առանց համաձայնագրի Brexit-ը Մեծ Բրիտանիային ավելի շատ վնաս կհասցնի, քան ԵՄ-ին. Յունկեր

Ամենադիտվածներ

Յունկերը չի բացառել Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններին

Առանց համաձայնագրի Brexit-ը ավելի շատ վնաս կհասցնի Մեծ Բրիտանիային, քան ԵՄ-ին, որքան էլ որ հակառակը պնդի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Մեծ Բրիտանիան վերջին շրջանում փորձում է ճնշում գործադրել ԵՄ-ի վրա՝ կապված իռլանդական բեքստոպի հետ, որը Մեծ Բրիտանիան ցանկանում է բացառել ԵՄ-ի հետ համաձայնագրից՝ հայտարարելով, որ Բրյուսելը ստիպված կլինի պատասխանատվություն կրել առանց համաձայնագրի Brexit-ի համար, եթե ԵՄ-ը փոխզիջումների չգնա:

Ավստրիայում՝ Տիրոլի ֆեդերալական հողում, հարցազրույցի ընթացքում Յունկերը նշել է, որ վերջիվերջո նման պահվածքն ավելի շատ վնաս կհասցնի Մեծ Բրիտանիային:

«Եթե գործը հասնի կոշտ Brexit-ին, ինչը ոչ ոքի համար շահավետ չէ, բրիտանացիները կպարտվեն: Մենք պատրաստ ենք, նույնիսկ եթե Մեծ Բրիտանիայում կարծում են, թե մենք բավարար չափով պատրաստ չենք առանց գործարք Brexit-ին»,- ասել է Յունկերը:

Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը հայտնել է ,որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից հոկտմեբերի 31-ին:

Ամենաթարմ