Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով հունիսի 30-ին երկօրյա այցով Մոսկվա կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով երկրորդ միջազգային համաժողովին:
Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Մոսկվա այցից հետո Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հուլիսի 3-6-ը կլինի Նիկոսիայում: Այցի շրջանակում կլինեն հանդիպումներ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի, խորհրդարանի ղեկավար Դեմետրիս Սիլուրիսի, Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի, ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ԱԺ նախագահը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հանդես կգա ելույթով:
Նիկոսիայում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ պատգամավորներ Շաքե Իսայանը, Աննա Կոստանյանը, Ծովինար Վարդանյանը և Հռիփսիմե Գրիգորյանը: