fbpx
Խորհրդարան

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-եգիպտական հարաբերությունները հիմնված են երկու բարեկամ ժողովուրդների պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա և համոզմունք հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի որակական նոր մակարդակի բարձրացնել այդ հարաբերությունները:

Կարևորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կապերն այս հարթակում ևս նոր փուլ կթևակոխեն:

Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը, և մեր երկիրը կարևորում է բոլոր բնագավառներում Եգիպտոսի հետ համագործակցության առավել սերտացումը:

Անդրադառնալով եգիպտահայ համայնքի գործունեությանը՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայերը տարբեր ժամանակներում ապաստան են գտել Եգիպտոսում և իրենց ուրույն դերն ունեն այդ երկրի զարգացման ու բարգավաճման գործում:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին Արարատ Միրզոյանին է փոխանցել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի շնորհավորանքն Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

Դեսպանը ևս ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներն ու ընդհանրությունները՝ կարևորել է արդյունավետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում՝ նշելով, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն այդ կապերն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ