fbpx
Իրավական

Արարատի մարզի բնակիչը բարձրաձայնել է իր 5 տարվա խնդրի մասին՝ կապված «Սպայկա» ընկերության հետ

Այսօր «Հայկական Ժամանակ»-ի խմբագրություն է այցելել Արարատի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ Ժիրայր Մարտիրոսյանը: Նրա խնդիրն ունի արդեն 5 տարվա պատմություն:

Բանն այն է, որ 2013 թվականի ամառը «Սպայկա» ընկերության տնօրինության ներկայացուցիչներն այցելել է Ջրաշեն համայնք, որպեսզի այդտեղից ծիրան մթերեն: Քանի որ այդ տարի ծիրանը շատ առատ է եղել, իսկ ընկերությանն էլ շատ բերք էր հարկավոր, ընկերությունն ու գյուղացիները պայմանավորվել են, որ բերքը տրամադրելու են միայն Սպայկային՝ 1 կիլոգրամը 500 դրամով` կանխիկ: Ընկերության և գյուղացիների միջև կապող օղակ դարձավ մեզ դիմած Ժիրայր Մարտիրոսյանը, այլ կերպ ասած՝ նա միջնորդի դեր էր ստանձնել և յուրաքանչյուր մեկ կիլոգրամ ծիրանի դիմաց մատակարարին էր տրամադրվում 50 դրամ:

Մատակարարումը տևել է մոտ 6 օր: Մարտիրոսյանի խոսքով՝ առաջին իսկ օրվանից «Սպայկա» ընկերությունն իրեն էր տալիս գումարի մի մասը, որպեսզի գյուղացիներին տա, իսկ մյուս մասը պետք է տային վերջում` վերջնահաշվարկ անելուց հետո:

Վերջին անգամ Ջրաշեն գյուղից 2013 թվականի հունիսի 22-ին ընկերությունը մթերեց 70 տոննա և այլևս չեն մթերել: Մարտիրոսյանը պատմեց, որ դրանից հետո ինչքան զանգահարել է, որպեսզի վերջնահաշվարկ կատարեն, իրեն պատասխանել են, թե քաղաքում չեն: «Ամբողջ գործընթացի ժամանակ աշխատել եմ ընկերության մատակարարման բաժնի պետ Երվանդ Ալեքսանյանի հետ»,- նշեց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը կանխազգաց, որ գումարը չեն ցանկանում տալ և գնաց ընկերության հաշվապահ Հովհաննես Աղեկյանի հետ հանդիպելու: Աղեկյանը նրան տրամադրեց ակտ, որտեղ նշված էին մթերման տվյալները: «Նկատեցի, որ աշխատանքի 3-րդ օրվա տված 6 մլն-ը 8 մլն են գրել: Ասացի, որ սխալ է, սակայն Աղեկյանն ինձ ասաց, որ իրեն այդ տվյալներն են տվել»,- ասաց Մարտիրոսյանը:

Ժիրայր Մարտիրոսյանը դրանից հետո զանգել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, սակայն Ղազարյանն ասել է, որ ինքը գործ չունի այդ ամենի հետ՝ նշելով. «Երվանդի հետ եք աշխատել, նրա հետ լուծեք ձեր խնդիրը»:

Մարտիրոսյանը նշեց, որ մի քանի օր անց հաջողվել է հանդիպել նաև Երվանդ Ալեքսանյանի հետ: «Երվանդը աշխատակիցների հետ ինձ սպառնացել է, ասել է՝ 1 մլն 168 հազար ենք պարտք: Ընթացքում 1 մլն-ը տվել է, իսկ մնացածը՝ չէ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ դրանից հետո զանգել է Երվանդ Ալեքսանյանին և նա հեգնանքով խորհուրդ է տվել դատարան դիմել կամ «գողականների»:

«Հետո Երվանդի հետ լուրջ մարդիկ հանդիպեցին, ինձ էլ կանչեցին: Երվանդը արդարանում էր, ասում էր՝ ես բան չեմ կարող անել, քանի որ ընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»,- պատմեց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ այն ժամանակ հանդիպել է նաև ներկայիս վարչապետ, այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: «Փաշինյանը եկել է մեր գյուղ, ծանոթացել է խնդրին, ասել է, որ իր պատգամավորական լիազորությունները թույլ չեն տալիս ինչ-որ բան անել, սակայն խորհուրդ է տվել խնդիրը բարձրաձայնել մամուլով»,- ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը մեզ ներկայացրեց փաստաթղթեր, որտեղ երևում էր, որ նա ոստիկանությունում բողոք է գրել խնդրի հետ կապված, սակայն բողոքը մերժվել է, քանի որ հիմնավոր փաստաթղթեր չեն եղել: Նա նշեց, որ պայմանավորվածությունները հիմնականում բանավոր են եղել, այդ իսկ պատճառով փաստաթղթեր չի ունեցել:

«Մինչև հիմա խնդիրը լուծված չի: Վարկ եմ վերցրել, գյուղացիների պարտքը տվել եմ, մնացել է մեկինը: Հիմա ֆինանսական լուրջ խնդիրներ ունեմ, տունս գրավի տակ է»,- ասաց Ժիրայր Մարտիրոսյանը:

Նա նշում է, որ ընդհանուր պետք է իրենց տային 3 մլն 600 հազար դրամ: Հայաստանում իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ Մարտիրոսյանը պահանջում է, որ գործը քննվի և իր գումարը հետ վերադարձվի՝ հավելելով, որ քննության ժամանակ կարող է իր ասածներն ապացուցել:

Այս մասին հաղորդում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ