Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանի և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության մասնագետների հետ շրջել է մարզի Մասիս քաղաքում և Նիզամի համայնքում, ուր 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են տարբեր աշխատանքներ:
Մասիս համայնքում այդ ծրագրերով իրականացվում են՝
. Թիվ 2 մանկապարտեզի հիմնանորոգում,
. Համայնքի 5-ից 10-րդ փողոցների, Արարատյան փողոցի մի հատվածի լուսավորության ցանցի կառուցում՝ ԼԵԴ լուսատուներով
. 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների գազաֆիկացում:
Այստեղ 3 ծրագրի շինարարական աշխատանքներն էլ բուռն ընթացքի մեջ են: Մանկապարտեզում շրջայցի ժամանակ մարզպետ Սարգսյանին ներկայացվել է, որ կրթական կառույցը հիմնովին վերանորոգվում է: Շահագործումից հետո մանկապարտեզն իր դռները կբացի ավելի քան 210 երեխայի առաջ:
Ներկայացնելով ծրագրով իրականացվող աշխատանքների մանրամասները՝ Գարիկ Սարգսյանին տեղեկացրել են նաև, որ մինչև տարեվերջ նախատեսված ողջ աշխատանքներն արդեն ավարտին հասցված կլինեն: Վերջինս հորդորել է բարեխղճորեն կատարել պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:
Մարզպետը շրջել է նաև Մասիսում, զրուցել քաղաքացիների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները:
Գարիկ Սարգսյանի հաջորդ կանգառը Նիզամի համայնքում էր: Այստեղ ասֆալտապատվել է համայնքի կենտրոնական փողոցի մի հատվածը: Նիզամիում մարզպետն այցելել է նաև իրեն նամակով դիմած քաղաքացի Անահիտ Դադյանին, ով խնդրել էր բարեկարգել իր տան հարակից հատվածը: Անահիտը ժպտում էր, շնորհակալ էր իրեն արագ արձագանքելու համար: Մարզպետն էլ վստահեցրել է՝ պետության կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ առաջիկա տարիներին Հայաստանում անբարեկարգ փողոցներ չունենալու համար:
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։