fbpx
Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային։

Հանդիպման ընթացքում նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակների ստեղծման կարևորությունը։ Նախարարը, մասնավորապես, նշել է, որ միջին մասնագիտական կրթության զարգացումը մեր կրթական համակարգի առաջնահերթություններից է, և ուշադրությունն այդ ոլորտին նպատակ ունի լուծել աշխատաշուկայում առկա խնդիրները: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն արդյունավետ կլինի այս ոլորտում` հաշվի առնելով Ճապոնիայի դրական փորձը։

Կողմերը նախանշել են նաև տեխնոլոգիաների ոլորոտում փոխգործակցության ուղիները՝ ընդգծելով, որ կրթությունն ու տեխնոլոգիաները մեր օրերում համընթաց պետք է լինեն։

Դեսպան Ջուն Յամադայը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նաև նոր տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային հուշարձանների պահպանության, արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտներում։ Քննարկվել է Հայաստանում Ճապոնիայի օրերի և Ճապոնիայում Հայաստանի օրերի անցկացման հնարավորությունը։

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է 2020թ. Տոկիոյում նախատեսված Ամառային օլիմպիական խաղերի մասին` հույս հայտնելով, որ հայկական պատվիրակությունը Տոկիոյում աննախադեպ հաջողություններ կարձանագրի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ