ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր ծրագիրը նպատակ ունի տնտեսությունը դնել գիտական և տեխնոլոգիական հենքի
վրա: Այս համատեքստում կարևոր խնդիր է դիտվում սփյուռքի գիտական և մասնագիտական ներուժի օգտագործումը, որը միաժամանակ կարող է նպաստել հայկական գիտական մտքի արդյունավետ արտահանմանը: Կրթության և գիտության նախարարության համար առաջնային նշանակության խնդիրներից է սփյուռքում գործող հայկական դպրոցների պահպանումը, ինչպես նաև հայերենի ուսուցիչների
վերապատրաստումը: ԿԳ նախարարի խոսքով` հեռահար նպատակներից է ստեղծել ընդհանուր կրթական միջավայր` Հայաստանի և սփյուռքի հայկական դպրոցների
համար:
Իր հերթին Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանն ընդգծել է, որ ժամանակն է նոր էջ բացել հայ-ֆրանսիական հարաբերություններում և այստեղ կարևոր դերակատարում կարող է ունենալ հատկապես կրթության ոլորտը: Նրա խոսքով, լինելով Ֆրանսիայի երկրորդ համալսարանական քաղաք` Լիոնը պատրաստ է այս հարցում խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ, մասնավորապես՝ աջակցելով կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում:
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրթական համագործակացության ընդլայնման արդյունավետ հարթակ է, որի հենքի վրա կարող են նոր համատեղ ծրագրեր մեկնարկել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա համագործակցության ծրագրերին առնչվող աշխատանքային մի շարք հարցեր: