Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին պաշտոնական Ստեփանակերտի միանալու հայկական կողմի պնդումը նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ էլ Ադրբեջանի համար։ Դա այն օրակարգն է, որ ձևավորվել է 2018 թվականի մայիսին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Արցախի վերադարձը բանակցային սեղան ո՛չ քմահաճույք է, ո՛չ նախապայման։ Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր գործընկերների հետ և փորձելու ենք այս քննարկումները շարունակել փաստարկների դաշտում, որովհետև բանակցությունը բանակցություն է այնքանով, որքանով մենք իրար լսում ենք։ Հայաստանը, համենայնդեպս, ցուցաբերել է այդ ընդունակությունը՝ լսել դիմացինին, փորձել դիմացինին, և մենք նույնն ակնկալում ենք նաև իրենցից», – ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ այնտեղ, որտեղ գործընկերները շատ կարծր կհամարեն Հայաստանի դիրքորոշումը, Հայաստանը պատրաստ է մեղմացնել այն, բայց նույնը պետք է անեն գործընկերները, հակառակ դեպքում` խոսակցությունը չի ստացվի։