fbpx
Արցախ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Փետրվարի 22-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ՀՀ սպորտի վարպետ, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:

Ողջունելով հյուրին` Նարինե Աղաբալյանն ասել է, որ արցախցիները միշտ հպարտացել են ծանրորդուհու  հաջողություններով  ու  ձեռբերումներով: Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:

«Դուք ձեր  անցած ուղով   ցույց եք տվել, որ  պետք  է  ձգտել  ու հասնել  վերջնական  հաղթանակի՝  կարողանալով  հաղթահարել  բոլոր  փորձություններն ու անհաջողությունները: Մենք սպորտը  դիտարկում  ենք  ոչ  միայն  որպես մարզումների  միջոցով  կոփվելը, այլև    օլիմպիական   սկզբունքների  դաստիարակումը»,-մասնավորապես   ասել  է  ԿԳՍ նախարարը և հավելել, որ պետական քաղաքականության շնորհիվ վերջին տարիներին  մարզական  կյանքն  Արցախում  ավելի  է աշխուժացել, ինչի  արդյունքում տարբեր մարզաձևերից  Արցախն  ունի խոստումնալից  մարզիկներ:

Նազիկ Ավդալյանը վստահեցրել է,  որ  մարզիկի և մարզչի  իր փորձը սիրով կփոխանցի արցախցի երեխաներին։ «Սպորտը  մարդու  մեջ  բնավորություն  է  ձևավորում,  կամքի  ուժ, ձգտում՝  դեպի  վերջնական  նպատակ: Սպորտում  հաղթանակներ  գրանցելու  համար առաջին  հերթին   անհրաժեշտ  են  կամային  որակներ, համապատասխան   մարզագույք,հատուկ  վերաբերմունք մարզիկների նկատմամբ։ Ծանրամարտը կարող է զարգանալ Արցախում։ Այստեղ կան  խոստումնալից,  հրաշալի    երեխաներ»,- ասել է  ծանրորդուհին  և ընդգծել, որ ինքը պարբերաբար կլինի  Արցախում  ու  կաշխատի  օգնել արցախցի  մարզիկներին:

Հանդիպման  վերջում   Նարինե   Աղաբալյանը  Նազիկ  Ավդալյանին խորհրդանշական նվերներ է հանձնել և հրավիրել  ամռանն Արցախում կայանալիք ԿոնԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությանը։

Հանդիպմանը ներկա  էր ԱՀ ԿԳՍ փոխնախարար Աշոտ Դանիելյանը։

Հաղորդել է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ