ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ:
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):
Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանը առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
Սույն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
Ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք:
ՀՀ ոստիկանությունից հավելում են, որ վերոհիշյալ սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:
Զանգվածային լրատվության միջոցների, էլեկտրոնային կայքերի ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերից օգտվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում անվերապահորեն կատարել սույն որոշման պահանջները, ինչը կնպաստի մեր հանրապետությունների պաշտպանունակության և մարտական գործողությունների արդյունավետության բարձրացմանը, առաջնագծում մարտնչող մեր զինվորների և սպաների, ինչպես և թիկունքն ապահովող համաքաղաքացիների անվտանգության պահպանմանը: