Չեմ պատրաստվում օգտվել ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի տված հնարավորությունից: Այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:
Նա ասաց, որ պատրաստվում է հավատարիմ լինել ՍԴ դատավորի՝ իր տված երդմանը, լինել անկախ, անաչառ և իրականացնել Սահմանադրության գերակայության ապահովման՝ իր առաքելությունը:
«Ես իմ կենսագրությունը, կենսագրության յուրաքանչյուր էջը լրացրել եմ պատվով և պետականության ամրապնդմանը մասնակցություն ունենալու բարձր պատասխանատվությամբ, և հպարտ եմ իմ կենսագրության յուրաքանչյուր էջով»,-ասաց Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ՍԴ-ն մինչ օրս բնականոն հունով աշխատել է՝ որևէ խնդիր չունենալով, որոշումները կայացվել են պետականության բարձր զգացողությամբ:
Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։