fbpx
Էկո

Արամ Մեյմարյանը Սյունիքի մարզում արգելավայրեր է այցելել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմի մեջ մտնող բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով հուլիսի 12-15-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։

ՊՈԱԿ-ի կազմում են «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Բողաքար» արգելավայրը, «Սոսու պուրակ» արգելավայրը, «Զանգեզուր» արգելավայրը, «Խուստուփ» արգելավայրը, «Սև լիճ» արգելավայրը։

«Սյունիքի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը տարբերվում է մեր մյուս տարածքներից իր առանձնահատկություններով, բայց ինչպես մեր մյուս կառույցներում, այնպես էլ այստեղ նպատակ ունենք գնալ որակական փոփոխությունների ճանապարհով, մենք գնում ենք բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ պահպանության, կառավարման և կարողությունների զարգացման ուղղությամբ։

Քաղաքականություն մշակելիս և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մենք փորձում ենք անել հնարավորը, որ իրականացվող ծրագրերը դրական ազդեցություն ունենան «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հետագա զարգացման և կայացման վրա՝ դարձնելով այն միջազգային պահանջներին և չափանիշներին համապատասխանող բնության հատուկ պահպանվող տարածք»,- նշել է նախարարի տեղակալը։

ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը եղել է ՊՈԱԿ-ի բնության հատուկ պահպանվող տարածքներում և տեղում ծանոթացել ՊՈԱԿ-ի կենսաբազմազանությանը, պահպանվող տարածքների առանձնահատկություններին, հնարավորություններին և զբոսաշրջային ներուժին։

Արամ Մեյմարյանն այցելել է նաև Կապան քաղաքից մոտ 25 կմ հարավ «Շիկահող» պետարգելոց տանող ճանապարհին գտնվող «Փղի ճտեր» որմնաքանդակ, քննարկվել են հուշարձանի անձնագրավորման հնարավորությունները։

Նախարարի տեղակալն այցելել է նաև Ներքին Հանդ համայնք՝ «Սոսու պուրակ» արգելավայր՝ տեղում ծանոթացել արևելյան սոսու Կովկասում ամենախոշոր բնական պուրակին և դրա պահպանության առանձնահատկություններին, տնկարանային տնտեսությանը և առաջարկվող երթուղու հնարավորություններին։ Քննարկվել են արգելավայրի և դրա կենսաբազմազանության արդյունավետ պահպանմանն առնչվող հարցեր։

Այնուհետև այցելել է այցելել «Արևիք» ազգային պարկի տարածք, իսկ «Բողաքար» արգելավայրում այցելել է Բողաքարի ջրվեժ։ Նախարարի տեղակալի այցը շարունակվել է դեպի «Զանգեզուր» արգելավայր, որտեղ 3600 մ բարձրության վրա իրականացրել է կենդանիների դիտարկում։

Եզրափակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ Արամ Մեյմարյանը եղել է «Խուստուփ» արգելավայրում, այնուհետև կատարել վերելք Խուստուփ լեռնագագաթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ