Իրավական

Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չբավարարեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դատական նիստից հետո լրագրողներին հայտնեց Գևորգյանը:

«Դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց: Ես կարծում եմ, որ, այս պահի դրությամբ, կայացվել է արդար որոշում՝ այնքանով, որքանով հաշվի են առնվել դատական նիստերի ժամանակ մեր փաստարկները: Բայց սա չի նշանակում, որ մենք այլևս անելիք չունենք, մենք շարունակելու ենք ապացուցել իմ անմեղությունը»,- ասաց նա:

Գևորգյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ լավատեսությամբ է վերաբերում իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացներին, և թեև մեղադրանքները ծանր են, բայց կարևորն այն է, որ ինքը դրանք չի ընդունում:

2018-ի օգոստոսին Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին: Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նրա մեղադրանքն այժմ լրացվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ