ՀՖՖ-ի նախագահի խորհրդական Զոհրաբ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ կառուցվող փոքր խաղադաշտերի շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։
Այցի շրջանակներում ՀՖՖ ներկայացուցիչները, մասնավորապես, եղել են Գլաձոր համայնքում, որտեղ շուտով կավարտվի և վերջնական տեսքի կբերվի 40/20 չափի խաղադաշտը: Ծանոթանալով շինաշխատանքների ընթացքին և զրուցելով տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ Արմեն Մելիքբեկյանը նշել է, որ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ուշադրության կենտրոնում գտնվող խոշորամասշտաբ սոցիալական ծրագրի նպատակն է զարգացնել մասսակայան ֆուտբոլը Հայաստանի ողջ տարածքում՝ շեշտը դնելով գյուղական համայնքների վրա, որտեղ հիմնականում բացակայում են ֆուտբոլով զբաղվելու նույնիսկ տարրական պայմաններ:
Արմեն Մելիքբեկյանը տեղեկացրել է նաև, որ Վայոց Ձորի մարզի 10 համայնքներում շինաշխատանքների ավարտից հետո հաջորդը կլինի Գեղարքունիքի մարզը, որտեղ ևս Ֆուտբոլային ենթակառուցվածքների թարմացման, նորերը ստեղծելու խիստ կարիք կա: Նա հավելել է, որ այս տարի շինաշխատանքներ են սկսվելու ևս երկու մարզերում:
Այցի ընթացքում քննարկվել են Վայոց Ձորում ֆուտբոլի զարգացման հետ կապված այլ հարցեր ևս»: