Հայաստան-Լեհաստան մշակութային նոր հնարավորություններ

Հրապարակող՝

Andreasyan

Լեհաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Մարթա Չիենկովսկայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ մշակույթի ոլորտում արդեն ձևավորված համագործակցությունը հուսալի հիմք է նոր նախաձեռնությունների և համատեղ ծրագրերի զարգացման համար։ Նա առաջարկել է դիտարկել մասնագետների փոխանակման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև գրականության, թատրոնի, կինեմատոգրաֆիայի և այլ ոլորտներում համագործակցության ամրապնդումը։

Նախարարը կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի և Լեհաստանի թանգարանների միջև համագործակցության հաստատումը՝ համատեղ ցուցահանդեսների կազմակերպման միջոցով։ Նա նաև Լեհաստանի իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համատեղ ծրագրերին։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը թանգարանների վերականգնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացման հարուստ փորձ ունի և առաջարկել է այս ուղղությամբ համագործակցություն։ Կողմերը կարևորել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի շրջանակում համագործակցությունը։

Ամենաթարմ