fbpx
Առողջապահություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմում է բոլոր կառավարություններին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները փետրվարի 28-ին հայտարարել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ռիսկն այժմ շատ բարձր է գնահատվում:

«Մենք  կորոնավիրուսի տարածման ու ազդեցության տեսանկյունից ռիսկայնության ամենաբարձր մակարդակում ենք։ Սա իրականության գնահատում է մոլորակի բոլոր կառավարությունների համար: Արթնացե՛ք, պատրաստվե՛ք: Այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել, և դուք պետք է պատրաստ լինեք: Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»,- հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար, դոկտոր Մայք Ռայանը:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսն էլ ներկայացրել է կորոնավիրուսի տարածման համայնապատկերը տարբեր երկրներում և նշել է, որ պատրաստ լինելու դեպքում այն սարսափելի չէ, սարսափելի է միայն խուճապը, որը ստեղծվել է մարդկանց մոտ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարգադրությունների՝ վիրուսի տարածումը կանխելու և սեփական անձը վարակից պաշտպանելու լավագույն միջոցը հիգիենային հետևելն է, մասնավորապես՝ հաճախակի ձեռքերը լվանալն ու այն վերամշակելը սպիրտ պարունակող միջոցներով: Մրսածության և փռշտալու ժամանակ պետք է փակել բերանն ու քիթը անձեռոցիկով, ապա անձեռոցիկը նետել կափարիչով աղբարկղի մեջ: Հնարավորին չափ պետք է խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց, ինչպես նաև մարդկանցից ամենաքիչը մեկ մետր հեռավորություն պահել, մանավանդ եթե նրանք հազում են և բարձր ջերմություն ունեն: Ջերմության բարձրացման, հազի առաջացման և շնչառական խանգարումների դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկական հաստատություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ