ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ոչ թե իրականացվում է կամ իրականացվելու է արդարադատություն, այլ ուղղակի տոտալ քաղաքականություն է տարվում՝ ամեն ինչ անել, որ գործողություններ կատարվեն՝ ի վնաս նրան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը։
«Մոտ 2 ամիս առաջ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով՝ մեղադրողի միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը բարձրաձայնեց, որ դա տևական ժամանակ է տևելու, ասացին՝ չէ, արագ կլինի։ Հանձնաժողովը ստեղծելուց հետո Գրիգորյանին տեղափոխեցին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հանձնարարված այն բժիշկների մոտ, որտեղ նա անցավ հետազոտություն»,-նշել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ բարձրաձայնեցին, որ միջգերատեսչական նախկին հանձնաժողովի հետազոտությունների համեմատ, հիվանդությունների վատթարացում է տեղի ունենում։
«Այսքանից հետո միջգերատեսչական հանձնաժողովը որոշեց, որ ևս 2-3 փորձագետ պետք է ներգրավվի դեռևս 2-3 շաբաթ առաջ։ Այս պահին առողջապահության նախարարը մատը մատին չի խփում, որովհետև դա գտնվում է նրա տիրույթում, վերջինս իր անգործությամբ ուղղակի հնարավորություն չի տալիս, որպեսզի այդ հանձնաժողովը աշխատի և իր գործունեությունն ավարտի։ Ահավասիկ մի դատական գործ, որտեղ ուղղակի տվյալ դրվագով երևում է առողջապահության նախարարի անգործությունը և դա չի էլ թաքցնում»,- ասել է Բաղդասարյանը։
Նա ընդգծեց, որ պաշտպանական կողմն արդեն 3 գրություն է ուղարկել առողջապահության նախարարին և տեղեկացրել, որ եթե Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա, դա առողջապահության նախարարի տիրույթում է, դրա կրողն ուղղակի Հայաստանի կառավարությունն է դառնալու։
Բաղդասարյանի խոսքով, պաշտպանական կողմը, թողնելով իր պաշտպանական գործունեությունն իրականացնելը, այսօր ընկել և բարձրաձայնում է, որ կառավարության համապատասխան օղակը կոնկրետ Գրիգորյանի գործով բացարձակ ոչ մի գործողություն չի կատարում։
«Եվ իմ կարծիքով, դա հանցավոր անտարբերություն է, հանցավոր գործողություն է։ Ենթադրում եմ, որ մինչև վարչապետ կհասնի, և վերջինս ուղղակի պարտավորություն ունի ճշտելու պաշտպանի կողմից բարձրացրած հրապարակայնորեն հարցերի իսկությունը, և եթե դրանք համապատասխանում են իրականությանը՝ ուղղակի պարտավորոթյուն ունի պատասխանատվության ենթարկելու։ Այս երկրում չպետք է ընտրովի լինի՝ ում բուժեն, ում չբուժեն»,-հայտնել է նա։
Լ. Բաղդասարյանն ասաց, որ անորոշ ժամանակով ձգձգվում է Գրիգորյանի գործը, նրա գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն, ընտրովի ցանկությամբ գործողություններ կատարել կամ չկատարել, տեղի է ունենում անարդար գործառույթ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով։
«Պաշտպանական կողմը բան ու գործը թողել է, շաբաթը մի անգամ ասուլիս է տալիս, ասում է՝ իրավունքի խախտում կա։ Բացարձակ ոչ մի արձագանք չկա պետական լիազոր մարմնի կողմից, որ դու ճիշտ չես ասում, ստում ես։ Ես հիմա բարձրաձայնում եմ՝ անգործությամբ է զբաղված առողջապահության նախարարը Գրիգորյանի գործով։ Շաբաթներ շարունակ անգամ հրաման չի տալիս, որ ձևավորվի համապատասխան բժշկական որոշակի խումբ, որը իրականացնեն գործողություններ»,-ասել է փաստաբանը։
Նա նշեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ անձամբ չի հանդիպել, այլ ուղարկել է պաշտոնական գրություն։
«Նա այդտեղ ևս խախտել է օրենքի իմպերատիվ պահանջը, գոնե միջանկյալ պատասխան չի տվել»,-եզրափակել է Լևոն Բաղդասարյանը։

